ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իտալացի աստղագետները Մարսի վրա հեղուկ ջրով ու բևեռային սառույցով լիճ են գտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Science ամսագրում հրապարակված հոդվածին։
Ռոբերտո Օրոսեի հետազոտական խումբը 2012-ից 2015 թվականների ընթացքում հետևել է Մարսի մակերեսին։ Հայտնագործությունն արվել է MARSIS (անգլ. Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding) ռադարային սարքի միջոցով, որը տեղադրված է Mars Express արբանյակի վրա։
Ռադարի հզորությունը բավական է լճի հստակ եզրագիծը ստեղծելու, նաև խորությունը որոշելու համար։ Գիտնականներն ասել են, որ առայժմ չափագրել են Մարսի Հարավային սարահարթի միայն 1%-ը։ Այդ պատճառով նրանք կարծում են, որ ապագայում Մարսի վրա դեռ բազում ջրի կուտակումներ կգտնեն։
Եթե գիտնականների բացահայտումը հաստատվի, ապա դա կլինի Մարսի վրա հեղուկ ջրի հաստատուն կուտակման հայտնաբերման առաջին դեպքը։