ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ու Խորվաթիայի խաղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իսկական փորձություն էր դարձել հայտնի լրագրող Դարյա Ասլամովայի ընտանիքի համար։ Ասլամովան խորվաթի հետ է ամուսնացել ու Զագրեբում է ապրում։ Երկու մոլեգին երկրպագուների՝ կնոջ և ամուսնու անհաշտ պայքարի մասին Ասլամովան պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ցավոք, ամուսինս խորվաթ է։ Միայն պատկերացրեք իրավիճակը։ Սկզբում նա իրեն լավ էր պահում, ասում էր՝ կարևոր չէ՝ ով կհաղթի։ Քանի որ մենք հարազատներ ենք, ընկերներ, կին և ամուսին։ Կարևոր չէ՝ խորվաթները, թե ռուսները», — ասում է Ասլամովան։
Սակայն վերջում Խորվաթիայի երկրպագուի նյարդները չդիմացան ու նա սկսեց բղավել, որ Դարյան «լուզեր» է ու Խորվաթիայի դրոշը կախեց։ Դարյան հանել է Խորվաթիայի դրոշն ու ռուսականն է կախել։ Պայքարը դեռ շարունակվում է։
«Արդեն կարևոր չէ, որ մենք կին ու ամուսին ենք։ Կարևորն այն է, որ ես ռուս եմ, ինքը՝ խորվաթ։ Մենք սարսափելի էինք կռվում», — ասաց Դարյան, հիշելով, ու խաղից առաջ ամեն ինչ նորմալ էր։
Խաղի պահին նա Զագրեբի գլխավոր հրապարակում էր՝ ռուսական դրոշով։ Ռուսաստանի դեսպանն էլ էր այնտեղ։ Նրա խոսքով՝ դրոշը բոլորին նյարդայնացնում էր։
«Երբ առաջին գոլը խփեցին, խորվաթներն իսկական հիստերիայի մեջ էին, քանի որ նրանք այդպիսի բան չէին սպասում։ Նրանք կարծում էին, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Ես պարում էի, երբ մերոնք առաջին հարվածը հասցրեցին։ Նրանք ինձ գրեթե մաս-մաս արեցին», —ծիծաղում է Ասկամովան։
Ամուսնու հետ «պայքարը» տանը շարունակվեց։ Բոլոր տնակների վրա խորվաթական դրոշներ հայտնվեցին, իսկ նա ռուսականը կախեց։ Դա ջղայնացրեց ամուսնուն, ու շուտուվ դրոշը խորվաթականի փոխարինվեց։ Եվ այդպես մի քանի անգամ։
Մեզ հետ հարցազրույցի պահին Դարյան հայտնեց, որ ամուսինը հերթական անգամ գնացել է դրոշը փոխելու։
«Հարաբերությունները բարդ են, մտածում եմ ամուսնալուծության մասին։ Բայց ինչ անեմ, նա խորվաթ է», — կատակում է լրագրողն ու խոստանում, որ հարցազրույցից հետո դրոշը ռուսականով կփոխարինի։
Բարեբախտաբար, գործը ֆիզիկական բախմանը չհասավ, ուժերն անհավասար են։ Մնացած մարդիկ՝ տաքսիստները, անցորդները խաղից հետո սփոփում էին նրան։ Ոչ ոք չէր սպասում, որ Ռուսաստանի հավաքականը պենալտիների շարքին կհասնի։
Ասլամովան կատակում է, որ վերջում խորվաթները աղաչում էին, որ «Սմոլովին ԳՈՒԼԱԳ չուղարկեն», քանի որ հենց նրա շնորհիվ հաջողվեց հաղթել Ռուսաստանին։
Հիշեցնենք՝ 2018 թվականի Աշխարհի առաջնությունում Ռուսաստանը զիջեց Խորվաթիային պենալտիների շարքում։