ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երեկոն, սովորականի նման, մեկնարկեց Another Story Ваnd խմբի և Արմեն (Ցոյ) Սարգսյանի համերգով։ Այնուհետև միացան մյուսները, այդ թվում` հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանը, որը մի շարք հայկական սերիալներում գլխավոր դերեր է մարմնավորում։
Ակումբում նաև մի հիանալի տղա կար, որը լրջորեն (տարիքին անհամապատասխան) երկրպագում էր։ Հետո իմացանք, որ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի որդին է։ Ակտիվ երկրպագելուց ուժասպառ եղած` նա տուն գնաց։
Անկեղ ասած, խաղն այդքան էլ տեսարժան չէր, սակայն Navavar ակումբում ամեն ինչ հետաքրքիր անցավ։ Մեկն ամբողջությամբ կլանված էր խաղով, բարձրաձայն և ինքնամոռաց երկրպագում էր, մյուսներն ավելի ուրախ էին շփվելու հնարավորության համար։
Ալեքսանդր Բաբասյանը խաղի սկզբում հստակ գուշակեց խաղի հիմնական ժամանակի արդյունքը։ Ի դեպ, նա մոլի երկրպագու է, գրեթե երբեք բաց չի թողնում Հայաստանի հավաքականի խաղերը, բնականաբար, համաշխարհային առաջնության խաղերը բաց թողնել պարզապես չի կարող։
«Ցոյի» կատարմամբ ռուսական հայտնի խմբերի երգերը հնչեցին նաև խաղի ընդմիջումներում և խաղից հետո ևս մեկ ժամվա ընթացքում։ Ընդմիջումների ժամանակ հաջողվեց զրուցել նաև Ալեքսանդր Բաբասյանի հետ. նա բավական անմիջական էր իր հույզերի դրսևորման մեջ։
Ալեքսանդրն ասում է, որ սերիալում ու լիամետրաժ մեկ սերիանոց ֆիլմում դերասանի աշխատանքը երկու տարբեր բաներ են։ Սերիալը գործարանային արտադրանքի նման բան է, տեսարանների բեմադրության և մի քանի դուբլ անելու (որից հետո ռեժիսորը երկարուձիգ կարող է ընտրել իրեն դուր եկածները) ժամանակ չկա։
Եկար, տրամադրվեցիր, խաղացիր` և վաղը, եթե ոչ այսօր հերթական սերիան եթեր է գնում։ Դա անհավանական լարվածություն է պահանջում, դժվար է մեկ տարի շարունակ ամենօրյա նկարահանումների ռեժիմում լավ խաղալ, առանց կեղծիքի, ինչը էկրանին անմիջապես նկատվում է։
Ալեքսանդրը համոզված է, որ իր շփվող բնավորությունն օգնում է դժվար աշխատանքում։ Կարևոր է շփում հաստատել մյուս դերասանների հետ, նրանց հետ ջերմ մարդկային հարաբերություններ ունենալ։ Իսկ եթե ստացվում է ընկերանալ` անգնահատելի հաջողություն է, այդժամ դուք սկսում եք հասկանալ միմյանց կես հայացքից, իսկ դա նշանակում է, որ գործն արված է։
Հարցին, թե ափսոսանք չես ապրում, երբ բազմասերիանոց սերիալն ավարտվում է, չէ՞ որ դու արդեն պետք է մտերմացած լինեիր քո և մյուս կերպարների հետ, Ալեքսանդրը խորամանկորեն ժպտում է։ Ժամանակ չի լինում ափսոսալու, ասում է նա, այնքան ես հոգնում, որ երազում ես միայն կարճատև արձակուրդի մասին։ Իսկ նոր ընկերները մնում են, պարզապես սկսում ես նրանց հետ իրական կյանքում շփվել, այլ ոչ թե սցենարիստի հորինած հանգամանքների շրջանակում։
11-մետրանոցների հոգնեցուցիչ շարքից հետո կրկին երգում էր «Ցոյն» իր խմբով։ Մենք բաժանվեցինք, դրսում տոթ երևանյան երեկո էր, սակայն անպայման կհանդիպենք, երբ ավելի զով կլինի` Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղերը դիտելու։

