ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ձմռանը ստացած վնասվածքից հետո օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) հանկարծ հասկացել է, որ կարող է մնալ առանց ընկերների և անձնական կյանքի։ Այդ մասին նա պատմել է Sports.ru պարբերականին տված հարցազրույցում։
«Ձմռանը, երբ ես վնասվածք ունեի և չէի կարողանում սահել, ինձ հանկարծ բռնացրի մտքի վրա` մի՞թե երբ սպորտով չզբաղվեմ, կմնամ առանց ընկերների, առանց որևէ գիտելիքների ու կարողությունների, առանց անձնական կյանքի, առանց ամեն ինչի», — ասել է գեղասահորդուհին։
Նա խոստովանել է, որ միայն օլիմպիադայից հետո են բացվել աչքերը, հայտնվել են ընկերներ, հետաքրքրություններ, այդ թվում` ապագա մասնագիտության համար նախադրյալներ։
«Բացեցի աչքերս և ուղղակի շուրջս նայեցի։ Այո, ես նպատակ ունեի` օլիմպիադան։ Ես գնում էի մի ճանապարհով, որը նպատակաուղղված էր միայն օլիմպիական խաղերի ելույթին, այլևս ոչ մի բանի չէի նայում։ Ես գրեթե չունեի ընկերներ, չկային ինչ-որ հետաքրքրություններ, այն դեպքում, որ ես ինքս ինձ բավականին բազմակողմանի մարդ եմ համարում», — խոստովանել է նա։
Եվգենյան ասել է, որ ոչ մի ծանոթություն չի հաստատել ժամանակի սղության պատճառով, երբեմն էլ` ցանկության։ Եղել են միայն մարզումներ և ուրիշ ոչինչ։
Մեդվեդևան նշել է, որ պատրաստ կլինի ամեն ինչ թողնել հանուն արդյունքի։ Գլխավորը ռեալիստ լինելն է և ինչ-որ բան ի վնաս քեզ, քո հարազատներին չանելը։
«Ես շատ հաճախ եմ մտածում այն մասին, որ մայրս ու տատիկս ինչ-որ առումով զոհաբերել են իրենց կյանքը հանուն նրա, որպեսզի ես որպես գեղասահորդուհի զարգանալու հնարավորություն ունենամ։ Եթե հանկարծ զգամ, որ չեմ արդարացնում նրանց սպասումները… Ես չեմ ուզում նման բան զգալ», — ասել է Բաբասյանը։
Գեղասահորդուհին հազվադեպ, բայց մեղքի զգացում է ունենում հարազատների նկատմամբ։
«Գիտեք` ես իմ բնույթով իրատես եմ։ Իմ արդյունքի համար տանջում եմ ինձ միայն այն ժամանակ, երբ հասկանում եմ, որ կարող էի ավելի լավ ելույթ ունենալ, բայց չեմ արել դա։ Եթե հասկանամ, որ, այո, սա իմ սահմանագիծն է, և ես այս պահին այլևս ոչ մի բանի ընդունակ չեմ, ապա հստակ կխոստովանեմ, որ զբաղեցրել եմ այն տեղը, որին արժանի եմ», — ասել է Մեդվեդևան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։
Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատել է 11 տարի։