ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը մի քանի ամիս առաջ ասել էր` ով զինվորի «տուշոնկեն» գողանա, եթե դատախազը չպատժի նրան, Աստված կպատժի։ Այս մասին նա այսօր հիշեցրեց լրագրողներին։
«Հիմա նրան հա՛մ դատախազը կպատժի, հա՛մ աստված»,,- ասաց Սարոյանը` ավելացնելով եթե Մանվելը նրա ասածը լսեր, պահածոները կբաժաներ Երկրապահի սոված ժողովրդին կամ կթափեր։
«Ես հիմա մտածում եմ` ոնց ա իմ դեմքին նայելու, որովհետև նենց երդումներ ու քֆուրներ ա կերել` ով զինվորի ուտելիքը գողնա…»,- ասաց Սարոյանը։
Պատգամավորը ԱԱԾ-ի տեսանյութից հետո շոկի մեջ է ընկել, ինքնազգացողությունը վատացել է։
«Երեխեքի նամակները տեսնելուց, նրանց հետ զրույցները լսելուց հետո մեռած էի, թաղած չէի, ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի»,- ասաց նա։
Նրա խոսքով` որևէ մեկը չի կարող գլուխ գովել ու ասել, թե գիտի` Մանվել Գրիգորյանը որքան ունեցվածք ունի, որովհետև նա շատ փակ մարդ է։ Սարոյանը շեշտեց` սա մեկ բառով խայտառակություն է։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…
Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։