ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութն անակնկալ է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար։ Նա այսօր այս մասին ասաց լրագրողներին ՀՀԿ խմբակցության նիստից հետ։
Հարցին, թե` ՀՀԿ-ն միասնական դիրքորոշում ունի՞ Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում, նա պատասխանեց. «Մենք, բնականաբար, չպետք է խոչընդոտենք նախաքննությանը»։
Նրա խոսքով` ՀՀԿ-ն ուշադիր կհետևի դեպքերի զարգացման հետագա ընթացքին։
«Մանվել Գրիգորյանը դատական պրոցեսի ժամանակ կարող է հիմնավորումներ ներկայացնել, մենք ուշադիր կհետևենք»,- ասաց Բաղդասարյանը։
Նա հիշեցրեց` ՀՀԿ-ն իր հայտարարության մեջ էլ է նշել, որ սա նաև բարոյական խնդիր է` անկախ նրանից, թե ով է այդ մարդը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:
Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…
Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։