ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը: Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է այս գործով բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարական տվել:
Մինչ այդ` երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այդ դեպքերի բացահայտումը:
«Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»:
Սակայն նա չի մանրամասնել, թե ով է կրակելու հրաման տվողը եղել:
«Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք-չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»:
Հիշեցնենք՝ վերջերս մեծ իրարանցում էր առաջացրել «Ժամանակ» թերթի հրապարակումը, որում նշվում էր՝ մարտի մեկի գործով հարցաքննվել է ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։ Նա իբր հայտնել էր, որ կրակելու հրահանգը տվել էր անձամբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և որ գեներալն իր խոսքերը հաստատող հեռախոսազրույցի ձայնագրություն ունի։ Թերթը հղում էր արել իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Նախկին նախագահի գրասենյակն արագ արձագանքել էր այս հրապարակմանը` հայտնելով, որ գեներալը վրդովված է սուտ հրապարակման պատճառով։ Նրանց խոսքով` Գրիգորյանը նաև հերքում է ձայնագրության գոյությունն այն պարզ պատճառով, «որ այդպիսի խոսակցություն պարզապես չի եղել»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։