ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին լուրերին:
«Եթե անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ իր տեսակետը նախկինում արդեն հայտնել է:
Փաշինյանը չհերքեց նաև լրագրողների բարձրացրած հարցը, թե հնարավո՞ր է նախաքննական մարմինը հասնի մինչև Սերժ Սարգսյան։
«Ես չեմ կարող ասել, թե ուր կհասնեն և ուր չեն հասնի, որտեղ օբյեկտիվորեն կհասնեն, այնտեղ էլ կհասնեն: Ես կարող եմ ասել, որ այդ գործողությունների առաջ ոչ մի խոչընդոտ չի առաջադրվելու»,- ասաց Փաշինյանը և, հիշեցնելով նախկինում տրված խոստումը, ավելացրեց,- մենք գլխից արդեն բռնել ենք։
Նշենք, որ օրեր առաջ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով։
Այս տարվա մարտի 1-ին, 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների 10-ամյակի առիթով, ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` գործին փաստահավաք խմբի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցը կցելու և քրեական գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առաջարկով: Փաշինյանը դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր նաև այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր` հունիսի 7–ին, Քոչարյանի հետ կապված մեկ այլ աղմկահարույց հոդված է տպագրվել «Ժամանակ» օրաթերթում։ Թերթ գրել է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
«Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում: Ըստ թերթի` Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:
Քոչարյանի գրասենյակն արդեն արձագանքել է այս հրապարակմանը` նշելով, որ սա բացարձակ հերյուրանք է։