ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ քաղաքացիներին ԵՄ վիզաներ տրամադրելիս չպետք է նվաստացնեն։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` 2017 թվականի պետբյուջեի կատարողականի լսումների ժամանակ։
Եվրոպական մի շարք երկրներ վիզաների համար փաստաթղթերի ընդունումը իրենց դեսպանատներից տեղափոխում են հարցազրույցների կենտրոնի օպերատորների մոտ։ Զոհրաբյանի խոսքով ` նրանք անբարեխիղճ և ոչ պրոֆեսիոնալ են աշխատում, և սա դեռ ամենամեղմ բնութագիրն է։
«Նվաստացման իրական ծեսեր են, այլ կերպ անվանել չի կարելի։ Դա անթույլատրելի է, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն կօգնի կասեցնել նման պրակտիկան։ Մենք գնահատում ենք եվրոպական ինտեգրման կարևորությունն ու հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերներին` նույնը ակնկալելով նրանցից», — ասաց պատգամավորը։
Ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն ասաց, որ ԱԳՆ-ն կանի հնարավոր ամեն բան, որպեսզի այս բողոքը հասցնի եվրոպական գործընկերներին։
Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կասեցրել էր վիզաների տրամադրման VisaMetric օպերատորի հայկական մասնաճյուղի գործունեությունը։