ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանը հետևողական է եվրոպական երկրների հետ վիզաների ազատականացման հարցում: Այս մասին այսօր ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում։
«ՀՀ և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրառման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը», — տեղեկացրեց Պապիկյանը։