ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե հայկական ստորաբաժանումները դիրքեր են զիջել Ադրբեջանին։
«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, նրանց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը»,- գրել է նա:
Հովհաննիսյանը նշել է, որ մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ:
«Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- գրել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել չեզոք գոտում, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։