ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել։
«Բաքվի հռետորաբանությունն ամբողջությամբ հակառակն անելով՝ բացասական է ազդում, և հետևապես պետք է կանխվի»,- ասել է Մնացականյանը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:
Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։