ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Արցախի Հադրութի շրջանում գայլի հարձակումից տուժել են 3 երեխա։
Ըստ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից ստացված հաղորդագրության` մայիսի 28-ին, ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա:
Գայլի հարձակման հետևանքով տուժել են անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ երեխաների վիճակը կայուն է, նրանց վնասվածքները` միջին ծանրության։ «Երեխաներից 2–ի մոտ վնասվել է դեմքն ու գլուխը, 3–ի` ոտքը։ Վերականգնվող վնասվածքներ են։ Ավելի շատ վտանգ է ներկայացնում գայլի կատաղությունը, բայց կատաղության դեմ բուժումները պատշաճ կերպով արվում են»,–ասաց Մարգարյանը։