ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ամերիկահայ հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը Instagram սոցիալական կայքում երկար սպասված «Խան Սոլո․Աստղային պատերազմներ․ Պատմություններ» ֆիլմի պրեմիերայից լուսանկար է տեղադրել։
Աղջիկը գործընկերների՝ դերասանուհի Թենդի Նյուտոնի (բորդելի տիրուհի Մեյվ Միլլին «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալից) ու Լեոնարդո Նեմի (նույն սերիալի նոր կերպարը) հետ փայլում է կարմիր գորգի վրա։ Սաֆարյանը եկել էր պրեմիերային դերասան Պտոլեմի Սլոկամայի հետ, որը նույնպես խաղում է «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալում։
Հիշեցնենք՝ ըստ սերիալի սյուժեի Սարաֆյանը՝ Կլեմենտինա Պենիֆիտերը Մեյվի մոտ որպես մարմնավաճառ է աշխատում ու «Վայրի Արևմուտքի աշխարհը» պարկի ամենամեծ պահանջարկ վայելող զվարճանքներից է համարվում։ Հայուհու ու Թենդի Նյուտոնը ինչպես սերիալում, այնպես էլ կյանքում մոտ ընկերուհիներ են։
«Կլեմենտին ու Մեյվ ընդմիշտ։ Թենդի Նյուտոնի, Լեոնարդո Նեմի հետ։ Ես այնքան երջանիկ եմ։ Սիրում եմ ձեզ։ «Խան Սոլո. Աստղային պատերազմներ․Պատմություններ» ֆիլմի պրեմիերա», — այսպես է Սարաֆյանը մեկնաբանել լուսանկարը։
Երկրպագուները բազում հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն ու նրա ընկերներին։
«Երկու թագուհի և տուզ», — գրել է օգտատեր stevenkovacs007-ը։
«Ֆանտաստիկ տեսք ունեք։ Շատ մտահոգ եմ սերիալում ձեր կերպարների համար։ Ուրախ եմ, որ կյանքում էլ եք միասին», — գրել է toddxhoward-ը։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: