ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Վրաստան կատարած այցը հատուկ նշանակություն է ունեցել և շատ կարևոր է եղել, քանի որ Վրաստանը Հայաստանի բարեկամն է։ Այս մասին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով Վրաստան կատարած այցի արդյունքները։
Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ին իր առաջին արտասահմանյան այցն է կատարել՝ որպես Հայաստանի նախագահ։ Նա Վրաստան է մեկնել իր կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, նախագահ Գեորգի Մարգելաշվիլու, «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ, ինչպես նաև մասնակցել է Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
«Այցը կարևոր էր, Վրաստանը մեր մտերիմ բարեկամն է։ Այնտեղ ապրում են մեր ավելի քան 300 հազար հայրենակիցները», — ասաց նախագահը։
Նա դրական ու բարձր գնահատեց իր առաջին այցը Թբիլիսի, ինչպես նաև Վրաստանի վարչապետի ու նախագահի հետ հանդիպումները։
«Համայնքի հետ շատ ջերմ հանդիպում եղավ։ Չնայած անձրևին՝ մի քանի հարյուր մարդ էր եկել։ Շատ հուզիչ էր», — ասաց նախագահը։
Ավելի վաղ Սարգսյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, իրեն մի քիչ արցախցի, էրզրումցի, վանեցի և թբիլիսցի է զգում։
Նրա կնոջ նախնիները նույնպես ծնունդով Վրաստանից են։