ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հրազդանի կիրճում հայտնաբերված երիտասարդը մահացել է «Սփայս» տեսակի թմրանյութ օգտագործելուց հետո։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը և մանրամասներ ներկայացնում մեկ ամիս առաջ` ապրիլի 26-ին, Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի վերաբերյալ։
Նշենք, որ ապրիլի 26-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։ Պարզվել էր, որ մահացածը Նոր Խարբեդի բնակիչ 29-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն է։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանները պարզել են, որ ապրիլի 25-ին նա հանդիպել է ընկերների` գյումրեցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերի մեկ բնակիչ 29- ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։ Նրանք բերման են ենթարկվել և խոստովանել, որ ընկերներն օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։
Արտյոմ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ու մահացել։ Ընկերները նրա դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ ու հեռացել։
Քննությունը շարունակվում է։