ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Թուրքիայում հայկական եկեղեցու շենքը վերածվում է շուրջօրյա գրադարանի, որը բաց է լինելու 24 ժամ: Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Կեսարիայում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցին, որը որպես եկեղեցի գործել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը, իսկ դրանից հետո օսմանյան կայսրության համար այն ծառայել է որպես ոստիկանության, այնուհետև քաղաքապետարանի պահոց, իսկ 1961թ.-ին այն հանձնվել է սպորտի և երիտասարդության նախարարությանը ու ծառայել է որպես սպորտային կենտրոն»,- գրել է նա։
Ըստ Հովհաննիսյանի` այժմ եկեղեցու շենքը հանձնվել է Կեսարիայի քաղաքապետարանին 25 տարի ժամանակով, և այն կծառայի որպես գրադարան:
Եկեղեցու շենքի օգտագործվող տարածքը կազմում է 1400 քմ, եկեղեցում դեռևս պահպանվում են մկրտության համար նախատեսված ավազանը, խորանը: Եկեղեցին կառուցվել է Կարապետ Զարդարյանի անձնական միջոցներով 1800-ական թվականներին (Հովհաննիսյանը նշել է, որ տարեթվի հարցում չի վստահում թուրքական աղբյուրներին):