ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի և Երևանի պետական դրոշները ծածանվել են Միջազգային տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դրոշներն ուղարկել են տիեզերք 2018 թվականի սկզբին պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ։
Նույն ժամանակահատվածում Հրաչյա Պողոսյանը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն` իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու համար։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավանություն է տվել արտասովոր գաղափարին և իր օրհնությունը տվել դրոշները տիեզերք ուղարկելու համար։
Մարտին Հրաչյա Պողոսյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ներկայությամբ դրոշները փոխանցել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմևին, որն էլ պետք է դրանք հասցներ Միջազգային տիեզերակայան։
Օլեգ Արտեմևը («Ռոսկոսմոս», Ռուսաստան) ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի և Ռիչարդ Արնոլդի հետ ընդգրկված է «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմում։ Նրանք մարտի 21-ին երկարատև արշավի են մեկնել Միջազգային տիեզերակայան-55/56։
Այժմ Հայաստանի դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ` սպասելով վերադարձին։
Տիեզերանավը Երկիր կվերադառնա սեպտեմբերին։ Իսկ հոկտեմբերին Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Երևան կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները։ Հյուրերը դրոշները կփոխանցեն ՀՀ-ի և Երևանի ղեկավարներին։