ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Իսրայելցի պատգամավոր Իցիկ Շմուլին Իսրայելի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Այդ մասին հայտնում է MIGnews.com-ը։
Խորհրդարանականն ընդգծել է, որ Իսրայելը մինչև օրս խուսափել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Միաժամանակ, ինչպես նշել է Շմուլին, Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչել են աշխարհի 29 պետություններ։
«Մենք պատրաստ չենք բարոյական խրատներ ու հակասեմիտական օրհներգեր ընդունել Թուրքիայից, որն ամեն օր հազարավոր քրդերի է ռմբակոծում Սիրիայում և միաժամանակ պատասխանատվություն կրում Հայոց ցեղասպանության և այն գազանությունների համար, որոնք թուրքերն արել են ազգային փոքրամասնությունների հետ իրենց ամբողջ պատմության ընթացքում։ Մենք կարծում ենք, որ հիմա այդ փաստերը ճանաչելու ժամանակն է, և եթե մենք ցանկանում ենք կանխել նման արարքների կրկնությունը, ապա ժամանակն է, որ Քնեսեթն անի այն, ինչ արդեն արել են աշխարհի շատ խորհրդարանականներ», — ասել է Շմուլին գործակալությունը։
Հայտնի է, որ նման օրինագիծ էր պատրաստվում ներկայացնել Քնեսեթի պատգամավոր Ամիր Օհանան («Լիկուդ»)։
«Երբեք ուշ չէ վերականգնել արդարությունը։ Ժամանակն է ճանաչել, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարվել է հրեշավոր չարագործություն», — ասել է Օհանան։
Նշենք, որ օրինագիծը ներկայացվել է խորհրդարանում թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին։