ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ վայր է դնում Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:
«Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի»,- գրել է նա:
Ֆինանսների նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարության անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար, ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին`օպերատիվ և անաչառ լուսաբանման համար:
«Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար»,- նշել է Արամյանը։
Վարդան Արամյանը ֆինանսների նախարար էր նշանակվել 2016թ-ի սեպտեմբերին։ 2018թ-ի ապրիլի 19-ին` Սերժ Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց հետո, Արամյանը վերանշանակվել էր նախարարի պաշտոնում։ Իսկ ապրիլի 23-ից` Սարգսյանի հրաժարականից հետո, մինչ օրս կատարում է ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։