ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ցանկացած ադեկվատ քաղաքական ուժ գիտակցում է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական գործընկերության զարգացման ու ամրապնդման կարևորությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, մենք երկար ճանապարհ ենք անցել։ Հասկանալի է, որ քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն որոշակի անհանգստություն է առաջացնում մեր գործընկերների մոտ, այդ թվում` Մոսկվայում», — նշեց Սարգսյանը։
Հենց այդ հանգամանքով են պայմանավորվել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններն ապրիլի վերջին։ Սարգսյանն անհեթեթ անվանեց իշխանության ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը և կառավարությունը փորձել են վախեցնել ընդդիմությանը` խաղարկելով «ռուսական քարտը»։
Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ նոր կառավարությունը կշարունակի նախորդի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նա հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սարգսյանի խոսքով` Փաշինյանն ինքն իր ելույթներում բազմիցս նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ իրեն չի տեսնում նոր կառավարությունում, բայց լիազորությունները վայր չի դնի մինչև նոր նախարարի նշանակումը։
Սարգսյանը ՀՀԿ անդամ է, որը գլխավորում է նախկին վարչապետ և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։