ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն անվանել է «հեղափոխություն` հայկական ձևով»։
«Անվանեք ինչպես կուզեք` թավշյա, ոչ բռնի, բայց ես այն համարում եմ հեղափոխություն` հայկական ձևով, որի ընթացքում մարդիկ չեն տուժել, չի եղել բռնություն և զոհ», – այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց նախագահը։
Նրա խոսքով` քաղաքացիների ընդհանուր պարտականությունը վաղվա Հայաստանը կառուցելն է։
«Մենք պետք է ստեղծենք երկիր, ուր կվերադառնան մեր հայրենակիցները։ Ես հավատում եմ դրան, այլապես չէի գա այստեղ», – հավելեց Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ վերջին շաբաթներին մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել նրա հետ երկրում ստեղծված իրավիճակը։
Արմեն Սարգսյանը ասաց նաև, թե ինչպես է պատրաստվում աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։
«Սահմանված ժամկետում կձևավորվի նոր կառավարությունը, որն իր ծրագիրը կներկայացնի խորհրդարանում։ Մենք պատրաստվում ենք աշխատել նոր կառավարության հետ սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով», – ասաց նախագահը։
Հիշեցնենք, որ բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8–ին 59 կողմ ձայներով ընտրվել է Հայաստանի վարչապետ։ Երկրի նախագահն այդ օրը հրամանագիր է ստորագրել Փաշինյանին կառավարության վարչապետ նշանակելու մասին։