ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի թիմերը կարող են լքել Հայաստանի առաջնությունը։
Այս մասին այսօր հայտարարել է «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը` մեկնաբանելով վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները:
«Լինելով Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն հանդիսացող ֆուտբոլային ակումբի նախագահը, շատ մտահոգված եմ հայկական ակումբային ֆուտբոլը ցնցած վերջին նորություններով: Ստացվում է, որ նման արատավոր երևույթների հետևանքով կարող են ջուրն ընկնել մեր այսքան տարիների ընթացքում կատարած հսկայածավալ գործունեությունը, ներդրումները և դրանցից բխող ակնկալիքներն ու հաջողությունները»,– ակումբի լրատվական ծառայության փոխանցմամբ ասել է Նավոյանը:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձավ, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ» թիմի արդյունքներն ընթացիկ առաջնությունում նվազեցնել 12 միավորով` պայմանավորված խաղի կազմակերպման փորձի հետ:
«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա` գցելով մեր ֆուտբոլի հեղինակությունը: Այդ առումով, հարկ եմ համարում մեր ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետների ուշադրությունը հրավիրել «Շիրակ»–«Փյունիկ» և «Փյունիկ»–«Շիրակ» վերջին երկու հանդիպումներին»,– ասել է Նավոյանը:
Նա նաև հայտարարել է, որ եթե մեղավորներն արժանի պատիժ չստանան, անիմաստ կլինի թիմն ուժեղացնելն ու նոր առաջնությանը մասնակցելը, քանի որ մեծ է նմանատիպ դեպքերի կրկնության հավանականությունը։ Հակառակ պարագայում, Բագրատ Նավորյանի խոսքով, ինքն ստիպված կլինի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից: