Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Վրաստանում գտնվող Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել է։ Վերջին անգամ եկեղեցին կարգի են բերել այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աջարիա է մեկնել։ Հայաստանի նախկին նախագահի հրահանգով վերականգման աշխատանքների համար 20 հազար դոլար է հատկացվել։
Այդ դրվագը ներառվել է «Ու կանգնած էր եկեղեցին Սև ծովի ափին» ֆիլմում, որը նկարահանել է «Ագորա-Ջորջիա» կազմակերպությունը` Վիկտորյա Մակսոևայի ու Գարիկ Աբելյանի գլխավորությամբ։ Մայիսի 6-ին Բաթումում կայացավ ֆիլմի պրեմիերան։
«Աջարիա կատարած այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոսել էր տեղի ղեկավարության հետ։ Որոշվել էր, որ եկեղեցին պետք է վերականգնվի։ Նա 20 հազար դոլար էր տրամադրել Վրաստանին, և այդ գումարով նորոգման աշխատանքներ էին իրականացվել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մակսոևան։
Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել բարերար Ալեքսանդր Մանթաշյանը։ Նա մեծ գումար է տրամադրել, որպեսզի կառուցվի եկեղեցին, որը հետո պիտի դառնար քաղաքի բոլոր հայերի հավաքատեղին։
«Մի անգամ եկեղեցի այցելեց մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Նա եկեղեցում մագնոլիա (կղբի) տնկեց։ Բույսը մինչև հիմա աճում է», — ասաց Մակսոևան։
Ֆիլմում հայերը պատմում են նաև Բաթումի առաջին հայերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի նամակից, որով քաղաքի հայերը դիմում են թուրք սուլթանին` խնդրելով Բաթումում հայկական գերեզմանոցի համար հող տրամադրել։
Ավելի ուշ հայերը կառուցում են փայտե եկեղեցի, որը երկար կյանք չի ունենում։ Հետագայում դրա տեղում կառուցվում է Սուրբ Փրկիչը։
«ԽՍՀՄ–ի տարիներին եկեղեցին փակվել էր, սակայն Գարիկ Մեսրոպյանը հոգ էր տանում դրա մասին։ Նա փակել էր կնքավազանը, որպեսզի եկեղեցու մասին չհիշեն ու չքանդեն այն», — ասաց Մակսոևան։
Եկեղեցին քանդելուց փրկել են նաև Էջմիածնի քահանաները։ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները` ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի գլխավորությամբ, պատվիրակություն են ուղարկել Էջմիածին։ Մայր Աթոռի հոգևորականներն արձագանքել են կոչին. բանակցությունների արդյունքում հաջողվել է պահպանել եկեղեցին։
Եկեղեցու հետ կապված բազում լեգենդներ կան, որոնք ներառվել են ֆիլմում։ Լեգենդներից մեկի համաձայն` այն մարդը, որը գմբեթ է բարձրացել քանդելու համար, ընկել ու մահացել է։ Մեկ այլ լեգենդ պատմում է Աբխազիայից եկած մի խումբ շինարարների մասին, որոնց 90-ականերին հրավիրել էին եկեղեցին վերականգնելու։
«Շինարարության ավարտի օրը, նրանք մնացել են եկեղեցում գիշերելու, որպեսզի հաջորդ օրը ստանան մնացած գումարն ու տուն գնան։ Երբ հայերը եկել են գումարը տալու, շինարարներն ասել են, որ փող չեն վերցնի, քանի որ նրանք տեսիլք են ունեցել, որից հետո որոշել են գումար չվերցնել», — ասաց Մակսոևան։
Հավելենք, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1885 թվականին։