Լիլիթ Հարությունյան, Sputnik.
Եկեղեցու բակում տեղադրված խաչքարից կարելի է հասկանալ, որ Քենինգսթոնի Cranley Gardens փողոցում գտնվող եկեղեցին հայկական է։ Եթե խաչքարը չի համոզում, կարելի է մտնել հիանալի տաճար, և այստեղ արդեն բոլոր կասկածները կփարատվեն. վանքի ներքին հարդարանքը լիովին հայկական է։
Լոնդոնում տևական ժամանակ միայն մեկ հայկական եկեղեցի էր գործում` Սուրբ Սարգիս եկեղեցին։ Երկրորդը` Սուրբ Եղիշե եկեղեցին, հայտնվեց խոշոր գործարարի և բանկիրի շնորհիվ։ Նրա անվան հետ են կապված բարեգործական մի շարք նախագծեր, թեև այդ մարդը լայն հանրությանը հայտնի չէ։ Վաչե Մանուկյան։ Նա, ով հայ ուսանողների ուսումն է ֆինանսավորում Հարվարդի համալսարանում, ով 12 մլն դոլար է հատկացրել Երևանի Նորք-Մարաշի ԲԿ-ն ստեղծելու համար, ում պատկանում է «HSBC-Armenia» բանկի բաժնետոմսերի 30%-ը։ Մոտավոր գնահատականով` Հայաստանի տնտեսության մեջ արված նրա ներդրումները մոտ 65 մլն դոլարի են հասնում։
Ծնվել է 1945 թվականին Լիբանանում, բայց խոշորագույն բիզնես-կայսրությունը Անգլիայում է կառուցել։ Հարցազրույցներից մեկում Մանուկյանը խոստովանել է, որ հայ լինելն անձնազոհություն է. «Բոլորը պետք է օգնեն հայրենիքին. նրանք, ովքեր միջոցներ ունեն` գումարով, ով ժամանակ ունի` ժամանակով, ով ունի և՛ մեկը, և՛ մյուսը` երկուսով միասին»։
Բացի այս ամենից, գործարարը մշակութային և կրթական մի շարք ծրագրեր է ֆինանսավորում, որոնց թվում են Անգլիայում և Վատիկանում խոշոր հայկական ցուցահանդեսների կազմակերպումը, հին հայկական մշակույթի և կրոնական արվեստի մասին գրքերի հրատարակումը։ Նա «Երևանի պատվավոր քաղաքացի է», պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
Եվ այսպես, երբ անգլիական եկեղեցին հայտարարեց, որ մտադիր է վաճառել Սուրբ Պետրոսի վանքը, Վաչե Մանուկյանը գումար հատկացրեց այդ եկեղեցին ձեռք բերելու համար։ Հենց այդ պատճառով է վանքն արտաքնապես այդքան տարբերվում հայկական մյուս եկեղեցիներից, քանի որ հայերը չեն կառուցել։
Եկեղեցին կառուցվել է 1867 թվականին։ Անգլիական եկեղեցում դադարել են պատարագ մատուցել 1973 թվականին, իսկ արդեն 1998 թվականին այն գնել է հայ բարերարը։ Եվս երեք տարի անց Սուրբ Պետրոս եկեղեցին վերանվանվել է և կոչվել Սուրբ Եղիշե, և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օծել է այն։
Այսօր եկեղեցին ապրում է բուռն և հագեցած կյանքով։ Վանքում հազար նստատեղ կա, մշտապես պատարագներ են մատուցվում, ժամերգություններ են հնչում, ինչպես նաև պսակադրության և հոգեհանգստի արարողություններ են անցկացվում։ Հետաքրքիր է, որ վանքում հզոր երգեհոն կա, որը մեծությամբ երկրորդն է Անգլիայում։ Տաճարում նաև երգչախմբի և կամերային երաժշտության համերգներ են կազմակերպվում։
Հատուկ պետք է նշել, որ Սուրբ Եղիշե եկեղեցին Լոնդոնի հայ համայնքի յուրօրինակ կենտրոնն է։ Եկեղեցու պաշտոնական կայքում մանրամասն տեղեկություն կա Հայաստանի և հայերի հետ առնչվող միջոցառումների մասին։
Հիշեցնենք, որ այս եկեղեցուց բացի, Մեծ Բրիտանիայում գործում են նաև Սուրբ Սարգիսն ու Ավետարանական եկեղեցին (Լոնդոնում), ինչպես նաև` Սուրբ երրորդության եկեղեցին (Մանչեսթերում)։