ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր վերջին նիստն է գումարել։
«Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում»,– վարչապետի պաշտոնակատարի խոսքերն է փոխանցում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կարեն Կարապետյանը նաև վերջին հանձնարարականն է տվել կառավարության անդամներին` բարեխղճորեն կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: «Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար, թե անարդար քննադատությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված հարցերին` Կարապետյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ հարցերն օրակարգում չեն ընդգրկել, որպեսզի հնարավորություն տան հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե՞ ոչ։