ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր` մայիսի 2-ին, կոչով դիմել է քաղաքական ուժերին։
«Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Կարապետյանը փաստում է, որ վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով, այլ լուծում գոյություն չունի։
Նա նաև վստահություն է հայտնել, որ երկիրը համատեղ ուժերով կհաղթահարի այս փորձությունը։