ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի մոտ ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել` փակելով փողոցը և ցուցարարներին թույլ չտալով բարձրանալ Բաղրամյանով դեպի վեր։
Մինչ այդ, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայով վազելով, փորձում էր հասնել ավելի վերին հատվածներին` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հետևել իրեն։
![Երևանի կենտրոնական փողոցները Երևանի կենտրոնական փողոցները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1146/27/11462760_0:96:1280:901_600x0_80_0_0_b21c2df98cbd339dd45482b98eaea8cc.jpg)
![Երևանի կենտրոնական փողոցները Երևանի կենտրոնական փողոցները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1146/25/11462568_0:135:1280:940_600x0_80_0_0_358c8e4918bce1a30e05d78a020fd5b3.jpg)
Այսօր առավոտից Աբովյան փողոցում հավաքված ուսանողները, մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածում, նստելով փողոցի երթևեկելի հատվածում, փակել են տրանսպորտի ճանապարհը։
Ուղիղ կապով դիմելով Աբովյան փողոցում գտնվող ուսանողներին` Փաշինյանն ասաց. «Ապրեք երեխեք, դուք արեցիք այն, ինչ պետք է անեիք»։
Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան և Աբովյան փողոցները։
Ցուցարարները փակված փողոցներում նաև բարիկադներ են կառուցել` երթևեկելի հատվածները պատնեշելով փողոցում տեղադրված նստարաններով ու աղբամաններով։
Ակցիայի մասնակիցները փողոցում քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել դասի ու աշխատանքի գնալու մտքից և միանալ իրենց։
Հիշեցնենք` քաղաքացիական անհնազանդության ակցիաները նախաձեռնել են «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչները, որոնց նպատակն է խափանել Սերժ Սարգսյանի` վաղը նախանշված ընտրությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։