ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Նելլի Դանիելյան. Բանակից ազատվելու համար պետք է լինել հավաքականի անդամ, միջազգային կարգի մարզիկ, գիտության մեդալակիր։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ սպորտի, գիտության ու արվեստի ասպարեզում առանձնակի հաջողությունների հասած երիտասարդներին կառավարությունը զինծառայությունից տարկետում է տալու, բայց չհստակեցրեց, թե ինչ կարգով են գնահատվելու «առանձնակի հաջողությունները»։
Նախարարի հիշատակած որոշումների նախագծերն այսօր արդեն ներառված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ով և ինչ կարգով կարող է ազատվել զինվորական պարտադիր ծառայությունից։
Սպորտ. ֆուտբոլի հավաքականում 22-ից ավելի մարդ պետք չէ
Սպորտի ասպարեզում առանձնակի հաջողություն և հետևաբար տարկետման հիմք է համարվում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների կամ պատանիների առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը զբաղեցրած լինելը կամ օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ունենալը։
Ոչ օլիմպիական մարզաձևերից տարկետման նույն իրավունքը տարածվում է նաև ուշուի և սամբո վրա։
Տարկետման իրավունք կստանան նաև Հայաստանի ֆուտբոլի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների ազգային հավաքականների անդամները, բայց տարկետում կտրվի առավելագույնը 22 մարզիկի։
Տարկետում ստանալու համար մարզիկը կամ ֆեդերացիայի նախագահը պետք է դիմեն կառավարություն։ Կառավարության որոշմամբ մարզիկին կտրվի 4, իսկ ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամներին` 2 տարվա տարկետում։
Իսկ գիտության ու մշակույթի բնագավառում տարկետման հավակնորդը պետք է նախ դիմի համապատասխան նախարարություն, որտեղ առաջիկայում կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք նախ իրենք կորոշեն` տարկետման իրավունք ունի զորակոչիկը, թե ոչ, ապա անհրաժեշտության դեպքում կդիմեն կառավարություն։
Ուզում ես բանակ չգնալ, ընտրիր կառավարության նախընտրած մասնագիտությունը
Կառավարության որոշման համաձայն` գիտության և կրթության բնագավառներում տարկետման իրավունք կստանան ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և նվաճումներ ունեցող այն զորակոչիկները, ովքեր ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել միջազգային օլիմպիադաներում։ Իսկ, օրինակ, հայոց լեզու, հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականները կարող են տարկետում ստանալ միայն 1-ին տեղը գրավելու դեպքում։
Գերակա ոլորտների մասնագիտություններով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զինծառայությունից տարկետում կստանան միայն, եթե վերջին երեք տարիների ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական հրապարակումների, գիտաժողովների զեկույցների հեղինակ են կամ գիտակրթական մրցանակների են արժանացել։
Արվեստը բանակից կազատի միայն 2 տարով
Իսկ մշակույթի և արվեստի բնագավառներում «նշանակալի նվաճումներ» կհամարվեն միջազգային հեղինակավոր մրցույթներում, փառատոներում, ցուցահանդեսներում տարած հաղթանակներն ու ստացած մրցանակները, ՀՀ պատվավոր կոչումները, միջազգային հեղինակավոր բեմերում և խոշոր միջոցառումներում պարբերաբար հանդես գալը:
Նման քաղաքացիներին, հանձնաժողովի միջնորդությամբ ու կառավարության որոշմամբ կտրվի 2 տարվա տարկետում։
Այս փոփոխությունները, հիշեցնենք, նախատեսված են ՀՀ կառավարության այսօր ընդունված որոշումներով։ Դրանք կսկսեն գործել արդեն առաջիկա ամառային զորակոչի ընթացքում։ Դրա համար զինակոչիկները պետք է իրենց «առանձնակի հաջողություններն» ու «նշանակալի նվաճումները» հաստատող փաստերը հասցնեն կառավարությանը ներկայացնել մինչև մայիսի 1-ը։