ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է իր պաշտոնական առաջին այցը կատարել Մոսկվա, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
«Ես դեռ նոր եմ ստանձնել նախագահի պաշտոնը: Ես շատ շահագրգռված եմ ամենամոտ ապագայում, որպես ՀՀ նախագահ, այցելել Մոսկվա: ՀՀ ղեկավարներն ավանդաբար առաջին պաշտոնական այցերը կատարում են հենց Մոսկվա», — ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում:
Սարգսյանը նաև ուշադրություն է դարձրել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաև այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրը: Հարաբերությունների զարգացման մեջ, ըստ նրա, էական տեղ է հատկացված նաև Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջտարածաշրջանային համագործակցությանը:
«Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակ ու տեմպ են ստացել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր են տեղի ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում», — ասել է Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։
Միաժամանակ, նախագահի կարծիքով, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք: Կարևոր է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամուր, հուսալի պատմական հիմք, փառահեղ ընդհանուր պատմություն ունեն։
«Ուս ուսի տված, միասին կրել ենք մեզ բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: Այդ ավանդույթները պետք է հոգատարությամբ պահպանենք, հարստացնենք ու անընդհատ բազմապատկենք», — ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկային շփումների ընդլայնմանը, մեր քաղաքացիների շփումներին, հատկապես՝ երիտասարդության: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որ արդեն տարուց ավելի գործում է, էապես հեշտացրել է այդ շփումը:
Սարգսյանի համար Ռուսաստանը նախևառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը:
«Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների և, մասնավորապես, ինձ համար եղել և մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարևոր դեր են խաղացել աշխարհայացքի ձևավորման գործում: Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության և իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-85 թթ-ին ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով», — ասել է Սարգսյանը։
Որպես ՀՀ նախագահ Սարգսյանն իր խնդիրն է համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը:
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 9-ին տեղի է ունեցել մարտի 2-ին խորհրդարանի կողմից ընտրված ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։