ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ի սահմանում Սպիտակի Երևանյան խճուղու 1-ին կմ-ում բախվել են «Վոլվո» և «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: «Մերսեդես Բենց-914D»-ի վարորդը` 1972 թ. ծնված Հովհաննես Գալստյանը, տեղում մահացել է, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` միաժամանակ նաև լուսանկարներ ու տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
Նախնական տվյալներով, «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատարի վարորդը վթարի հետևանքով դուրս է շպրտվել ավտոմեքենայից ու հայտնվել իր ավտոմեքենայի անիվի տակ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել անիվի տակից ու հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` մյուս բեռնատարի վարորդը վթարից հետո տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: