ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Սյունիքի մարզում, «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում ծավալված վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմանում «Գորիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։
Ըստ կայքի` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծել են իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։
Հակոբյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքն իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Օհանջանյանի որովայնին և փախել։ Նրան ձերբակալել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակից անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։