ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 19։40-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։
Բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմացից։
Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։
Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի մոտ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։