Հայկական խոհանոցը հանրահռչակելու գաղափարի, Պոլ Բոքյուզի դպրոցի և հայ խոհարարների փոխգործակցության, «ժենգյալով հացի», ինչպես նաև իր մասնագիտության մասին Ալեն Ալեքսանյանը պատմել է Sputnik Արմենիային Լիոնում տված հարցազրույցի ժամանակ։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
- Ձեր ռեստորանում Փարաջանովի դիմանկարն է փակցված։ Սիրո՞ւմ եք նրա արվեստը։
— Շատ եմ սիրում Փարաջանովին, նրա արվեստը, քանի որ կարծում եմ, որ ես նրա պես մի փոքր խենթ եմ։ Մեր անցած ուղին որոշ չափով նման է. այն կյանքը, որը նա ընտրեց, այդքան հեշտ չէր, ինչպես և իմը։ Թեև ես արվեստի գործիչ չեմ, բայց նրա պես փորձում եմ փոխել ինձ շրջապատող աշխարհը։
Հայկական խոհանոցի ուտեստներ եմ պատրաստում, որպեսզի մարդիկ իմանան, որ դրանք կան, իմանան Հայաստանի մասին։ Բացի այդ, Հայաստանից Լիոն խոտաբույսեր եմ ներկրում, որոնցից թեյ եմ պատրաստում։ Ուզում եմ, որ հայկական սփյուռքն ու մյուս ժողովուրդներն իմանան`Հայաստանը միայն Շառլ Ազնավուր և Ցեղասպանություն չէ։ Չկարծեք, թե Ազնավուրին չեմ սիրում կամ չեմ ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Ո՛չ, պարզապես ուզում եմ, որ նոր սերունդը և ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի մասին, ճանաչի հայկական հարուստ խոհանոցը։
Երբ մենք իտալական կամ ֆրանսիական ուտեստներ ենք ուտում, անմիջապես պատկերացնում ենք այդ երկրները։ Ճիշտ այդպես ուզում եմ, որ իմանան Հայաստանի մասին։ Դուստրս 25 տարեկան է և ապրում է ԱՄՆ-ում։ Նա մի օր ինձ ասաց, որ Հայաստանի մասին այնքան քիչ բան է հայտնի, առավել ևս հայկական խոհանոցի։ Նա բացահայտեց աշխարհում մեր խոհանոցը հանրահռչակելու բացառիկ մեթոդը։ Դուստրս կարծում է, և ես համամիտ եմ նրա հետ, որ «ժենգյալով հացը» այսօրվա դրությամբ ազգային ուտեստներից միակ բանն է, որը միայն հայերն են պատրաստում։ Հանրահռչակելով «ժենգյալով հացը»` կարող ենք հանրահռչակել նաև հայկական խոհանոցը։ Դուստրս շատ է անհանգստանում, ուզում է, որ աուտենտիկ խոհանոցը դուրս գա զուտ հայկական ընտանիքի սահմաններից։
- Հայկական խոհանոցը հանրահռչակելու դժվարությունը ո՞րն է։
— Հայկական խոհանոցն այսօր կորչում է թուրքական և լիբանանյան խոհանոցների միջև, քանի որ աշխարհում հարկ եղածի պես ներկայացված չէ։ Մի շարք երկրներ հայկական խոհանոցի ուտեստներն ուզում են իրենց վերագրել։ Նման օրինակ տեսանք տոլմայի հետ կապված։ Կարծում եմ, որ եթե մենք ջանքեր գործադրենք, ապա որոշակի ժամանակ անց աշխարհի նույնիսկ ամենահեռավոր անկյուններում «ժենգյալով հաց» պատրաստելիս կամ համտեսելիս, մարդիկ անմիջապես կպատկերացնեն Հայաստանը։ Երբ դուք Հայաստանում պատրաստած պիցցա եք համտեսում, միևնույնն է, գիտեք, որ այն իտալական ուտեստ է, այնպես չէ՞։
- Ինչպե՞ս են համագործակցելու հայ խոհարարները Պոլ Բոքյուզի դպրոցի հետ։
— Պոլ Բոքյուզի դպրոցը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմքի վրա իրականացնում է հայ խոհարարների նախապատրաստման ծրագիրը։ Մենք պրոֆեսիոնալ խոհարարների խումբ կհավաքենք և կսկսենք նրանց հայկական խոհանոցի ուտեստներ պատրաստել սովորեցնել Երևանում։ Ավելի ուշ գիրք կհրատարակենք, որում կզետեղենք Հայաստանի բոլոր շրջաններին բնորոշ աուտենտիկ ճաշատեսակների բաղադրատոմսերը։ Ցավոք, Հայաստանում, հայկական խոհանոցը ներկայացնող իսկական ռեստորաններ քիչ կան։ Խոհարարներին կրթելու գործընթացում կներգրավենք նաև իմ լավ բարեկամին` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շեֆ-խոհարար Նիկոլա Նատալինին։ Հայաստանում դասընթացներն անցնելուց հետո, մասնակիցները 2 ամիս կվերապատրաստվեն Բոքյուզի դպրոցում` Լիոնում։ Դպրոցում նրանց քաղցրավենիքի պատրաստման ու հաց թխելու տեխնիկա կսովորեցնեն։ Դիպլոմը, որը նրանք կստանան, կճանաչվեն աշխարհի բոլոր երկրներում։ Ի դեպ, Բոքյուզի դպրոցի սովորողների 70%-ն այսօր օտարերկրացիներ են։ Այս դպրոցում ուսում ստանալը ցանկացած խոհարարի համար ահռելի փորձ է։
- Հարուստ խոհանոց ու բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանին ի՞նչն է խանգարում, որ Միշլենի աստղի արժանացած գոնե մեկ ռեստորան ունենա։
— Առաջին հերթին մեզ այսօր անցյալն է խանգարում։ Մենք միայն խոսում ենք Ծովից ծով Հայաստանի մասին։ Պետք է հասկանալ և ընդունել, որ այն Հայաստանն այլևս չկա, պետք է նոր ուղիներ գտնել, որոնք կօգնեն մեզ վերադարձնել նախկին մեծությունը։ Մյուս կողմից մենք ինքներս մեզ վատ ենք ճանաչում, վատ գիտենք մեր խոհանոցը։ Առաջին հերթին պետք է կրթենք մեր երեխաներին, պատմենք նրանց մեր տատիկների պատրաստած ուտեստների մասին։ Հետո նոր փորձենք աշխարհին հասցնել այն գաղափարը, որ հայկական խոհանոցը լավագույնն է աշխարհում։
- Խոհարարական ոլորտում ի՞նչն է ամենից շատ զարմացնում ձեզ։
— Պարադոքսալ է, բայց փաստ. աղքատ երկրների խոհանոցը միշտ ավելի լավն է ու վառ, քան հարուստներինը։
- Ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։
— Ծնվել եմ Լիոնում, դերձակուհու և վագոնավարի ընտանիքում։ Տատիկս Հայոց ցեղասպանությունից հետ Ֆրանսիա էր տեղափոխվել երեք երեխաների հետ. մայրս 3 տարեկան էր, մորաքույրս` մեկ, մորեղբայր` 5։ Նրանք աղքատ էին, բայց երջանիկ, որ ողջ են մնացել այդ մսաղացում։ Խոհարարության նկատմամբ սերը սերմանեց տատս։ Փոքր ժամանակ շատ էի հիվանդանում, և տատս էր հաճախ խնամում ինձ։ Ժամանակիս մեծ մասը նրա հետ էի անցկացնում։ Ապրուստի միջոց հայթայթելու համար տատս ոչ միայն մեզ համար էր ճաշ պատրաստում, այլև վաճառելու։ Եվ միշտ խնդրում էր, որ ես համտեսեմ։ Նրա համար իմ կարծիքն ավելի կարևոր էր, քան որևէ մեկինը։ Հիշում եմ` 6-7 տարեկան էի, փոքր աստիճաններ էի դնում, որպեսզի տեսնեմ, թե ինչ է եփվում կաթսայի մեջ։ Կիրակի օրերին մենք միշտ բրինձ ու խաշած հավ էինք պատրաստում։ Տատիկս սիրում էր փորձարկումներ անել, խառնել հայկական և ֆրանսիական խոհանոցները։ Երբ տատս թափում էր հավի ջուրը, ինձ թվում էր, թե Նիագարայի ջրվեժն է։
- Ինչի՞ մասին եք երազում այսօր։
— Միակ բանը, որ երազում եմ, աշխարհում հայկական խոհանոցը հանրահռչակելն է։