ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մինչև 2020թ-ը հայաստանյան հանքերը կդառնան թափանցիկ։ Արդյունքում կերևան դրանց հետևում կանգնած իրական տերերը, այդ թվում` քաղաքական ազդեցություն ունեցողները։ ՀՀ կառավարությունը սկսում է իրագործել իր գործունեության ծրագրով նախատեսված և միջազգային կառույցին տված այս խոստումը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման մեջ։
Դրա համաձայն` Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի առաջ` պարտավորվելով մինչև 2018թ. հունվարի 1-ը հրապարակել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզը։
Ի դեպ, ճանապարհային քարտեզը, պարզվում է, կառավարությունն արդեն հաստատել և ուղարկել է միջազգային այդ կառույցի քարտուղարություն: Որպես առաջին քայլ` ՀՀ կառավարությունը կստեղծի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբ` մի շարք նախարարությունների մասնակցությամբ։ Իսկ ամբողջական էլեկտրոնային ռեգիստրը պատրաստ կլինի և հանրությանը կներկայացվի արդեն 2019թ-ի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։