ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` հայտնի երգչուհի Սիրուշոն, ամերիկյան հյուրախաղերի ընթացքում հանդիպել է հայ հանրաճանաչ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դստերը։
Սիրուշոն լուսանկար է հրապարակել, որտեղ գրկախառնված է Սեդա Կանաչյանի հետ։
«Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու` տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է»,– գրում է Սիրուշոն ու չիմացողներին նաև իրազեկում. «Գիտե՞ք, որ Բարսեղ Կանաչյանը, բացի երաժշտության մեջ իր մեծ ավանդն ունենալուց, նաև եղել է Կոմիտասի աշակերտը»։
Դատելով արձագանքներից` այս փաստը շատ ընթերցողների համար իրոք հայտնություն է։
«Կոմիտասի աշակե՞րտը», «Որքան ջերմություն կա», – գրում են ընթերցողները:
Հայազգի մեծ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը ծնվել է 1885թ–ին, Արևմտյան Հայաստանում։
1896թ–ին Կանաչյանների ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ ապագա կոմպոզիտորը տեղի հայկական դպրոցում ջութակի դասեր է առել։
1908թ–ին արդեն ճանաչված կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանը տեղափոխվել է Կոստանդնոպոլիս, որտեղ ստեղծում ու ղեկավարում է «Քնար» և «Մասիս» նվագախմբերը։
Իսկ 1910թ–ին Կանաչյանն ինքն է սկսում երգել Կոմիտասի ղեկավարած «Գուսան» երգչախմբում` Կոմիտասի «Հինգ սաների» թվում հարմոնիայի և խմբավարական արվեստի դասեր ստանալով։
1950 թ–ին, կուրանալու պատճառով, Բեյրութում հաստատված Կանաչյանը դադարեցնում է իր ստեղծագործական գործունեությունը։
Մեծ Երգահանը մահացել է 1967 թ–ի մայիսի 21-ին։