ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի լիբանանյան այցը կվերականգնի հայ-լիբանանյան համաձայնությունները և խթան կհաղորդի նորերին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։
Մարտի 12-ին Հայաստանի պատվիրակությունը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեկնել է Լիբանան։ Նախատեսված են հանդիպումներ վարչապետի, նախագահի և Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ։ Այսօր երեկոյան Հայաստանի և Լիբանանի ներկայացուցիչները կհավաքվեն ընթրիքի սեղանի շուրջ, որին կմասնակցեն նաև լիբանանցի նախարարները։
«Այդ այցը նախատեսված էր դեռ 2017թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն որոշ դժվարությունների պատճառով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը հետաձգվեց։ Այցի նպատակը Հայաստանի և Լիբանանի միջև փոխգործակցության նոր ուղիներ որոնելն է և կողմերի մշակած պայմանագրերը գործարկելը», — ասաց Կիտանյանը։
Կողմերը կքննարկեն 22 հայ-լիբանանյան համաձայնագրեր։ Կիտանյանը պարզաբանեց, որ դրանց իրագործումն օգուտ կտա ինչպես Բեյրութին, այնպես էլ Երևանին։ Նա վստահ է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները շատ յուրահատուկ են, քանի որ դրանք բնական ճանապարհով են կառուցվել։
«Ինչպես գիտեք, Լիբանանում է գտնվում հայ խոշորագույն համայնքներից մեկը։ Լիբանանի հայերը մեծ ավանդ ունեն երկրի զարգացման մեջ, մասնավորապես` տնտեսության։ Երևանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստան բերի լիբանանցի ներդրողներին», — ասաց Կիտանյանը։
Լիբանանցիներին Հայաստանում հետաքրքրում են ՏՏ ոլորտն ու գյուղատնտեսությունը։ Նրանք հաճույքով ներդրումներ են անում և շարունակելու են անելու այդ ոլորտներում։ Հայկական շուկան գրավում է լիբանանցիներին իր հնարավորություններով. մի կողմից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից` ելք ունի իրանական մեծ շուկա։
Հայաստանը հետաքրքրում է Լիբանանին նաև ռազմական համագործակցության տեսանկյունից։
«Այդ առումով դուք ավելի զարգացած տեխնոլոգիաներ ունեք», — ասաց Կիտանյանը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կստանան որակապես նոր մակարդակ, ինչին շատ առումներով նպաստում է 2017թ-ի ապրիլին Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթերի գործարկումը։
Մայիսին նախատեսված է լիբանանյան պատվիրակության այցը, որի կազմում կլինեն լրագրողներ, զբոսաշրջային օպերատորներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Լիբանանցիներն ակնկալում են, որ հայերը պատասխան այց կկատարեն։
2018թ-ի փետրվարին Բեյրութի նախագահ Միշել Աունի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Աունը Երևան էր ժամանել կոնկրետ նպատակով` խորացնել երկկողմ հարաբերությունները, ինչը վկայում է, որ այդ հարաբերություններն անցնում են որակապես նոր մակարդակ։
Տարբեր հաշվարկներով` Լիբանանի հայ համայնքը 200 հազարի է հասնում։ Լիբանանահայերը բնակվում են հիմնականում Բեյրութում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասը հիմնել են հայերը` փրկվելով 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտնելով Լիբանանում։
Հենց այստեղ է գտնվում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ի նստավայրը։ Երկրում հայկական 25 ուսումնակրթական հաստատություններ են գործում, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ։
Վերջին անգամ Հայաստանի և Լիբանանի նախագահները հանդիպել են 2012թ-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի` Բեյրութ կատարած այցի ընթացքում։