ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի` «Էրիվանն ադրբեջանցիներին վերադարձնելու» մասին հայտարարությունը։
Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։
Սիդորովը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին երկու երկրները հաշտ ու համերաշխ էին ապրում, հետևաբար այսօրվա հակամարտությունը կարելի է խաղաղ ճանապարհով լուծել։
ՀԱՊԿ ներկայացուցիչը հավելեց նաև, որ կազմակերպությունը Հայաստանի առջև պարտավորություններ ունի, ու եթե ՀՀ-ն արտաքին ագրեսիայի ենթարկվի, ապա կառույցը պարտավոր կլինի ռազմական և այլ աջակցություն ցուցաբերել։ Սակայն ՀԱՊԿ պարտավորությունները Արցախի վրա չեն տարածվում։
«Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ն նրանց վտանգի մեջ չի թողի», — ասաց նա։
Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ կազմակերպության անդամ պետություն, պետք է ինքը օգնության դիմի։
ՀԱՊԿ-ն այս կամ այն վիճելի իրավիճակին ինքնակամ միջամտելու իրավասություններ չունի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնավարության սկզբունքին։