ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան ամենից շատ վախենում է թիթեռնիկներից։ Այդ մասին նա պատմել է հարավկորեական Փհենչհանում տված հարցազրույցում։
Գեղասահորդուհին խոստովանել է, որ չի հիշում, թե երբ է սկսել վախենալ թիթեռներից, բայց փաստն այն է, որ սարսափում է դրանցից։
«Եթե ուզում եք վախեցնել ինձ, ապա ինձ վրա կենդանի թիթեռ նետեք։ Մի անգամ ափսեիս մեջ թիթեռ էր ընկել։ Ես միաժամանակ լացում էի ու ծիծաղում։ Մանուկ հասակում ձեռքով բռնում էի թիթեռներին, նույնիսկ չգիտեմ, թե երբ է դա պատահել», — ասել է մարզուհին։
Երկրպագուները և լրագրողները բառացիորեն հարցախեղդ են արել Եվգենյային, և նա հասցրել է պատասխանել դրանցից մի քանիսին։ Օրինակ` ամենից հաճախ ինչ հարց է նա տալիս ինքն իրեն։
Պարզվում է, որ Եվգենյան տարբեր իրավիճակներում հարցնում է իրեն՝ իսկ ընդհանրապես դա պե՞տք է իրեն։ Իսկ ահա Փհենչհանում ելույթների ժամանակ սահադաշտ դուրս գալուց առաջ աղջիկն ասել է. «Վայելիր, սա օլիմպիադա է»։
Գեղասահորդուհու երկրպագուներից մեկը հարցրել է, թե նա երբևէ սիրահարվե՞լ է, և արդյո՞ք չեն խանգարել նրան զգացմունքները։
«Սիրահարվել եմ, և նույնիսկ օգնել է», — ասել է Եվգենյան։
Մարզուհին համոզված է, որ գոյության իմաստը կյանքը վայելելն է և երջանիկ լինելը։ Նրա կարծիքով՝ կյանքում գլխավորն անկեղծությունն է, և նա շատ է գնահատում այդ հատկությունը։
Օլիմպիական խաղերի մեդալակիրը նաև խոսել է նեղացկոտության մասին։
«Ես զգացմունքային մարդ եմ։ Ինձ կարելի է այն աստիճան վիրավորել, որ 20 րոպե հեկեկամ, բայց գիրք կարդալիս, ֆիլմ դիտելիս երբեք չեմ լացել։ Գուցե դա շատ տարօրինակ է։ Բայց արտահայտություններից, խոսքերից, հիշողություններից կարող եմ արտասվել», — նշել է Եվգենյան։
Մարզուհին ավելացրել է, որ առայժմ չի մտածել կարիերան ավարտելու մասին, նրան մինչև հիմա հետաքրքրում են սպորտը և մարզումները։ Հիմա Ժենյան պատրաստվում է մրցումների և ծրագրում է նոր բարձունքներ նվաճել։