ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մեր նախնիներն առավել հաճախ մահանում էին ձմեռվա վերջին, ինչպես հիմա։ Այս ենթադրության հիմքում Հայաստանի հարավում գտնվող Զորաց քարերի դամբարաններում անցկացված պեղումներն են, որոնք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», լրագրողներին հայտնեց կազմակերպության գիտքարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։
Վերջին տասնամյակներում Հայաստանի բնակիչներին հավատացնում էին, որ քարերից կազմված կառույցը հին հայկական աստղադիտարան է։ Մինչդեռ անտաշ քարերից կառույցները, օրինակ` կրոմլեխները, դոլմեններն ու մենհիրները, տարածված են ամբողջ Եվրասիայում։ Դրանցից շատերը դամբարաններ ու պաշտամունքային վայրեր են։
Հանգուցյալներին, ինչպես և հիմա, փորձում էին թաղել գլխով դեպի արևելք։ Այդ դիրքով էլ շարում էին դամբարանի քարերը։ Դրանից էլ եկել են պատկերացումներն այն մասին, որ հնում մարդիկ հետևում էին աստղերին արևելք-արևմուտք առանցքով»։
«Ասես, մեր նախնիները ամեն 50 մետրի վրա աստղադիտարան կառուցելուց բացի, ուրիշ զբաղմունք չունեին», — նշեց Փիլիպոսյանը։
Իսկ իրականությունն, ինչպես գիտության մեջ հաճախ է լինում, շահարկումներից շատ ավելի հետաքրքիր է։
Թաղման ընթացքում փորձել են պահել արևելքի ու արևմուտքի ուղղությունը։ Նայած, թե ինչ ուղղությամբ է թաղված եղել մարմինը, դրանից կարելի է եզրակացնել, թե որ ամսին են հանգուցյալին հողին հանձնել։
Պարզվել է` ամենաշատ թաղումները եղել են ձմռան ու գարնան հատման ժամանակ։ Ըստ վիճակագրության` այսօր էլ մահացության տոկոսն ավելանում է հենց մարտին ու փետրվարին, երբ ջերմաստիճանի ու խոնավության կտրուկ տատանումների հետևանքով սրտային խնդիրներ ունեցող մարդկանցից շատերը չեն դիմանում։
Զորած քարերի պեղումները կշարունակվեն նաև 2018 թվականին։