ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է հետաքննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, այս շաբաթ սպանություններ կազմակերպելու քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել հայտնի քրեական հեղինակություն, Ալավերդու բնակիչ Վահագն Աբգարյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդու բնակչի նախաձեռնությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, և այդ խմբավորման ներգրավմամբ Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաև Ալավերդու մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ:
Նախնական քննության տվյալներով՝ խմբավորման կազմում ընդգրկված են եղել մի շարք այլ անձինք։
Հետաքննությունը պարզել է, որ 2017 թվականի հունիսին Փիրուզյանի սպանությամբ Աբգարյանը վրեժխնդիր է եղել իր ընկերների համար, որոնց նախկինում սպանել էր Փիրուզյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը: Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է Ալավերդու բնակիչ Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրան և հունիսի 13-ին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել նրա ուղղությամբ: Փիրուզյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդու մեկ այլ բնակչի՝ Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, սակայն սպանությունը չի իրականացվել՝ հանցագործի կամքից անկախ հանգամանքներում։
Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար։
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին Աբգարյանը և նրա համախոհները օրը ցերեկով հանձակման էին ենթարկվել, ինչի հետևանքով սպանվել էր Ալավերդու բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: