ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան։
Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի կեսօրին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։