ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի նախագահի թեկնածուների շարքում Հովիկ Աբրահամյանը չկա։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ կազմում Աբրահամյանն ավելի քան 15 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել. 2007-2008թթ-ին եղել է փոխվարչապետ, 2008-2011թ-ին և 2012-2014թթ-ին` խորհրդարանի խոսնակ, 2014-2016թթ-ին` վարչապետ։
Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո 2017թ-ի հունվարին նա հայտարարել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին։ Բայց ծառայությունը` ծառայություն, ընկերությունը` ընկերություն, նշեց Բաղդասարյանը։
«Հովիկ Աբրահամյանն առաջվա պես իմ ընկերն է։ Այսօր նա զբաղվում է իր գործունեությամբ, ուղղակի ժամանակավորապես դուրս է եկել քաղաքական ակտիվ կյանքից։ Նորմալ է», — ասաց Բաղդասարյանը։
«Ինչ վերաբերում է թեկնածությանը, ապա ես խոսել եմ նրա հետ և գիտեմ, որ թեկնածուների ցուցակում նա չկա։ Աբրահամյանը նման ցանկություն չունի, կուսակցությունը նույնպես նրա թեկնածությունը չի քննարկել», — նշեց Բաղդասարյանը։
Նշենք, որ 2017թ-ի ապրիլին` վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն աջակցել են Գագիկ Ծառուկյանին և նրա դաշինքին։ Աբրահամյանի որդին` Արգամը, պատգամավոր է ընտրվել այդ դաշինքից։
ՀՀԿ-ն պատրաստվում է քննարկել նախագահի թեկնածությունը առաջիկա գործադիր մարմնի նիստում, որը կկայանա վաղը` հունվարի 18-ին։
Նոր սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կկորցնի օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների համակարգողի լիազորությունները։ Նա քաղաքական կերպարից կվերածվի սահմանադրության անկուսակցական երաշխավորի (թեև նրան կընտրեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները)։