ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ժողովրդի ընտրյալներին պատգամավորական մանդատից Հայաստանում զրկել կկարողանա միայն Սահմանադրական դատարանը, գրված է խորհրդարանի կողմից չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նոր տեքստում։
Լրացումները նախապատրաստվել են 2015 թվականի դեկտեմբերին ընդունած Սահմանադրական բարեփոխումների «հետքերով»։
Գործող օրենսդրության համաձայն` նման որոշումներ խորհրդարանն է կայացնում։ Սակայն այժմ այդ լիազորությունները որոշել են տալ Սահմանադրական դատարանին, որպես անկախ և ապաքաղաքական մարմին (հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում անձեռնմխելիությունից ու մանդատից զրկեցին չորս պատգամավորի, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո)։
Խորհրդարանին սահմանափակել են նաև այլ հարցում. երբ ՍԴ–ն որևէ իրավական ակտ հակասահմանադրական ճանաչի, պատգամավորները պետք է առանց ուշացնելու, նշված ժամկետում «մաքրեն» օրենսդրությունը։
Ճշգրտված են նաև ապագա` արդեն խորհրդարանական հանրապետության նախագահի լիազորությունները. նա անձամբ չի նշանակելու բարձրագույն չինովնիկների (նախարարներ, դեսպաններ, դատավորներ, Գլխավոր շտաբի պետ), այլ ստորագրելու է կառավարության կամ խորհրդարանի համապատասխան որոշումները։ Սակայն նախագահն իրավունք է ունենալու վիճարկել այդ որոշումները Սահմանադրական դատարանում։
ՍԴ–ն որոշում է կայացնելու քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքի մասին։ Ղեկավարվելու է նա «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում նշված հրահանգներով։ Մասնավորապես, կարգելվեն պետական համակարգը բռնի ուժով տապալելու կոչ անող կուսակցությունները։
Սակայն մեղավորներին դատարանն անձամբ չի փնտրելու` իրավական և քաղաքական շահերի բախումից խուսափելու համար։ Նման հայց ՍԴ կկարողանան ներկայացնել միայն կառավարությունն ու խորհրդարանը։
Խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող նոր Սահմանադրության համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին. պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։
Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։