ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանում հիմա էլ կան պատանի տաղանդավոր ֆուտբոլիստներ, այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Եթե այցելեք մարզումներին, կտեսնենք, որ տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներ շատ կան Հայաստանում: Նույնիսկ ավելի տաղանդավոր, քան Հենրիխ Մխիթարյանը: Բայց ես վստահ չեմ, որ նրան կկարողանան զարգացնել իրենց վարպետությունը ապագայում»,- ասաց նա։
Հայրապետյանի խոսքով` Մխիթարյանի մասին խոսելիս պետք է միշտ հիշել, թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականի ավագը հասել այն մակարդային, որ աշխարհն է խոսում նրա մասին:
«Աշխատասիրություն, նվիրվածություն, համբերություն ու ֆուտբոլը սիրելու մեծ ունակություն: Ահա այս գործոններն են, որ Հենրիխին առաջընթաց են ապահովել ֆուտբոլում: Եթե մեր պատանի ֆուտբոլիստների նման կերպ վերաբերվեն իրենց մարզումներին, ապա մենք ապագայում նոր Մխիթարյաններ կունենանք»,- նշեց նա:
Հայրապետյանի խոսքով` Մեր հավաքականն այսօր բարձրակարգ խաղացողների կարիք ունի, և յուրաքանչյուր վնասվածք կամ որակազրկում անմիջապես ազդում է մեր թիմի խաղի վրա: Դրա համար մեզ պարզապես պետք է ամեն գնով կենտրոնանալ և մեր մանկապատանեկան ֆուտբոլի և արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների վրա:
«Շատ եմ ցավում, որ Արազ Օզբիլիսի պես տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերան այսօր լավ չի դասավորվում: Արազը ֆուտբոլային հիանալի դպրոց է անցել և ես շատ կուզենայի, որ նա վերգտներ իր խաղն ու նորից փայլեր խաղադաշտում»- նշեց ՀՖՖ նախագահը:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Օզբիլիսը կլքի «Բեշիքթաշը», որի ղեկավարությունն արդեն առաջարկել է նրան նոր ակումբ գտնել։