ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Ամերիկյան ԶԼՄ-ները հինգ տարի հետո կհասկանան, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, կարծում է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում Սիմոնյանին հարցրել են, թե ինչ է մտածում ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականի մասին։ Վերջինները հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին «միջամտել է Ռուսաստանը»։
«Եվ դուք հավատում եք նրանց (հատուկ ծառայություններին, խմբ)։ Դուք նաև հավատում եք, որ Իրաքում եղել է զանգվածային ոչնչացման զենք։ Մի՞թե չէիք հավատում դրան։ Շարունակեք հավատալ, որ ամերիկյան ընտրություններում եղել է ռուսական միջամտություն։ Հինգ տարի հետո կհասկանաք, որ նման բան չի եղել», — ասել է գլխավոր խմբագիրը։
Նա նաև բացասական է պատասխանել այն հարցին, թե RT-ն աջակցե՞լ է արդյոք ընտրություններում Դոնալդ Թրամփին։ Միաժամանակ նա նշել է, որ շատ բրիտանական և ֆրանսիական ԶԼՄ-ներ ընտրություններում աջակցել են Քլինթոնին, բայց ԱՄՆ-ում նրանց դիրքորոշումը միջամտություն չեն համարել։
«Մեր սխալն այն էր, որ RT-ը չի աջակցել Հիլարիին», — կատակել է Սիմոնյանը։
ԱՄՆ-ի կոնգրեսում անկախ հետաքննություն է ընթանում ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին «ռուսական միջամտության» մասին։ Նման հետաքննություն է վարում նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Ամերիկյան ԶԼՄ-ներում, հղում անելով անանուն աղբյուրներին, պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում Թրամփի նախընտրական շտաբի անդամների հետ ռուս պաշտոնյաների ու գործարարների կապերի մասին։
Ռուսաստանը բազմաթիվ անգամ հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «մերկապարանոց» հայտարարություններ։