ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2000-2016թթ-ը Հայաստանում որդեգրվել է 2119 երեխա, որոնցից 991-ին որդեգրել են արտասահմանցիները։ Sputnik Արմենիային այս տվյալները տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Ի դեպ, անկախացմանը հաջորդած առաջին 10 տարվա ընթացքում այս գործընթացը շատ ավելի պասիվ էր։ 1991-1999թթ-ին արտասահմանցիներն ընդամենը 97 հայ երեխա են որդեգրել։
ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, արտասահմանցի որդեգիրներ են համարվում ազգությամբ հայ և ոչ հայ օտարերկրյա քաղաքացիները, արտասահմանում բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա պետություններում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները։
Թե ով է հանդիսանում այս կամ այն երեխայի որդեգիրը, գաղտնիք է։ Որդեգրման մասին որոշումները ՀՀ կառավարությունը կայացնում է գաղտնի ընթացակարգով։
Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման պատասխանատու կառույցներն են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունն ու կառավարությունը:
Արդարադատության նախարարությունից մեզ վստահեցրին, որ որդեգրված երեխայի կյանքի պայմանների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, պատասխանատու կառույցներն իրենց արտասահմանյան գործընկերներից տեղեկություններ և լուսանկարներ են ստանում: Այս համագործակցությունն իրականացվում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի հիման վրա, որի նպատակն է բացառել որդեգրված երեխաների առևանգումը, վաճառքը, առևտուրը և երրորդ անձանց միջամտությունը:
Ինչ վերաբերում է երեխաների առք ու վաճառքի մասին պարբերաբար հնչող մեղադրանքներին, արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ որդեգիրը Հայաստանում վճարում է ոչ ավելի քան 30 000 դրամ, ինչը երեխայի որդեգրումը գրանցելու համար նախատեսված պետական տուրքի չափն է։
Հետաքրքական է, որ հայ երեխաներին որդեգրելու հարցում առաջատարը ԱՄՆ քաղաքացիներն են։ 25 տարվա ընթացքում ամերիկացիները 390 հայ երեխա են որդեգրել։ Երկրորդ տեղում ֆրանսիացիներն են, որոնք 262 երեխա են որդեգրել։ Երրորդ տեղում Իտալիան է` 230 երեխա, չորրորդը` Կանադան` 69 երեխա։ Ռուսաստանցիներն այս տարիների ընթացքում 40 հայ երեխա են որդեգրել, գերմանացիները` 7, իրանցիները` 11, հույները` 14, բելգիացիները` 9, բրիտանացիներն`8։
Մյուս երկրների քաղաքացիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերը խիստ եզակի են։
Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2017թ-ի տվյալներն ամփոփված չեն։ Հայտնի է միայն, որ այս պահի դրությամբ որդեգրված երեխաների թիվը 38-ն է։ Թե նրանցից որքանը կմնան Հայաստանում և որքանը ծնողներ կգտնեն հայրենիքից հեռու, առայժմ հայտնի չէ։
Ի դեպ, նախարարությունը չի թաքցնում, որ արտասահմանյան որդեգիրների մեջ գերակշռում են առողջական խնդիրներով ու հաշմանդամ երեխաներին որդեգրողները։ Երեխաներից շատերը հետագայում բուժման ու վերականգնողական թանկարժեք կուրսեր են անցնում արտասահմանում։ Այն, ինչ Հայաստանում, պետության հաշվին անել, հնարավոր չէ, հավելում են պետական կառույցից։