Սառա Գալստյան, Sputnik.
Հայ օգնության ֆոնդը, գիտակցելով ընտանիքի կարևոր դերը երեխայի զարգացման ու ձևավորման հարցում, 1999 թ.-ին հիմնեց ՀՕՖ երեխաների կենտրոնը:
Ամբողջությամբ վերանորոգելով Ուլնեցի 64 հասցեում գտնվող կենտրոնը՝ որոշում ընդունվեց, որ բացի երեխաների համար բարեկարգ պայմաններից, նաև պիտի մասնագիտացված ծառայություն մատուցվի, որպեսզի ընտանեկան խնամքից զրկված երեխաների հետ աշխատեն ոչ միայն ոստիկաններ, այլ նաև մակավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ: Անձնակազմը հավաքագրվեց, վերապատրաստում անցավ, և Հայաստանում ստեղծվեց իրապես եվրոպական չափանիշներին համապատասխան սոցիալական ծառայություն:
ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ մինչև 2005 թ.-ը իրենք ավելի շատ աշխատում էին մուրացկանությամբ զբաղվող երեխաների և նրանց մուրացկանության դրդող ծնողների հետ: Հիմա բարեբախտաբար, մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը պակասել է, ավելի շատ զբաղվում են ընտանիքներում բռնությունից տուժող երեխաների հետ: Միրա Անտոնյանի հետ զրուցել է Սառա Գալստյանը:
-Տիկին Անտոնյան, փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ մեր երկրում երեխաներն ընտանիքից զրկվում են ավելի շատ սոցիալական պայմանների՞, բռնությա՞ն, թե՞ այլ պատճառներով:
— Եթե ասեմ, որ հիմքում աղքատությունն է, ասած կլինեմ շատ բան, միևնույն ժամանակ ոչինչ ասած չեմ լինի: Որովհետև Հայաստան աշխարհում բազմաթիվ աղքատ ընտանիքներ կան, որոնք սիրում ու պահում են իրենց երեխաներին: Բազմաթիվ անձնական բնույթի հարցեր են լինում՝ չստացված ընտանիքներ, արտագնա աշխատանքի մեկնած ծնողներ, որոնք մոռացել են, որ այստեղ ընտանիք են թողել և այլն:
- Հաճախ կարելի է հանդիպել նման իրավիճակի՝ ամուսինները հաշտ չեն, ընտանիքը որպես այդպիսին չկա, բայց հանուն երեխաների չեն ամուսնալուծվում: Ո՞րն է ավելի ծանր անրդադառնում երեխայի հոգեկան աշխարհի վրա՝ ծնողների բաժանո՞ւմը, թե՞ ընտանիքը, որտեղ անընդհատ կռիվներ են:
— Պատասխանն այս հարցի միանշանակ չէ: Երբեմն իրար չսիրող ամուսիները երեխաների ներկայությամբ կարողանում են պահել հարգալից վերաբերմունքը: Գուցե միմյանց հանդեպ ջերմ չեն, բայց երկուստեք երեխաների հանդեպ են ջերմ: Երեխաները նաև տառապում են ծնողների բազմազբաղությունից: Հայաստանում մենք ունենք կա՛մ ընդհանրապես զբաղվածություն չունեցող ծնողներ, կա՛մ գերզբաղվածներ: Ի դեպ, մեր մանկապարտեզներն ու դպրոցներն աշխատում են սովետական ռեժիմով, իսկ շատ ծնողներ աշխատում են մինչև 7-8-ը և ավելի: Ի՞նչ պիտի անի երեխան: Աշխատաշուկան նոր պահանջներ ունի, բայց ընտանիքին աջակցող կառույցները շատ լիմիտավորված ռեժիմով են աշխատում: Վճարունակ ծնողները, որ քիչ մասն են կազմում, կարողանում են դայակ պահել, իսկ անվճարունակ ծնողների մոտ խնդիր է ծնվում: Նայեք՝ ինչպես է պետությունն օգնում ընտանիքներին: Հանրային ծառայությունները հարմարեցված չեն համեստ աշխատավարձով, երկար աշխատող մարդկանց համար:
-Երեխաների համար ընտանիքներ գտնելուց հետո, դուք նաև հետևում եք նրա և խնամատար ընտանիքի մերձեցմանը: Ինչպիսի՞ փոփոխության է ենթարկվում երեխայի ներաշխարհը, երբ փողոցում հայտնվելուց հետո նա նոր ընտանիք է ձեռք բերում:
— Որ ընտանիքը շատ կարևոր է երեխայի կյանքում, չի քննարկվում: Երբ երեխան հայտնվում է փողոցում, նա կամ դառնում է ագրեսիվ, կամ փակվում է իր մեջ: Որքան վաղ տարիքում են երեխային լքում, այնքան նրա տրավմաներն ավելի խորն են լինում: Հավատալով, որ երեխայի զարգացման համար ամենալավ տեղը ընտանիքն է, ու եթե սեփական ընտանիքում չի ստացվում, մենք փորձում ենք գտնել արժանավոր ընտանիքներ, որտեղ կարող են երեխաներն ընտանեկան ջերմության մեջ մեծանալ: 2005թ.-ից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և սոցապ նախարարության հետ այս մոդելը ներդրել ենք մեր կենտրոնում: Գտել ենք 30 շատ լավ ընտանիք՝ հասարակ, համեստ նիստուկացով, գյուղական միջավայրում, անարատ: Նրանք գիտեն՝ երեխան արժեք է և փայփայում են: Մեր մի հայտարարությամբ 300-ից ավելի ընտանիքներ են գրանցվել, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց հարկի տակ մեծացնել նաև այլ երեխայի: Հանդիպում ենք հաճախ այդ մարդկանց հետ, նրանք պատմում են իրենց զգացողությունների մասին՝ ինչ զգացին, երբ 1-ին անգամ երեխան եկավ իրենց տուն, ինչ զգացին, երբ այդ երեխան 1-ին անգամ նրանց «մամա» կամ «պապա» ասաց: Սրանք հրաշք, պարզ մարդիկ են, որոնք մեծ սեր են տալիս ընտանեկան ջերմությունից զրկված երեխաներին: Խնամատարի տանը մեծացող երեխան շատ է տարբերվում մանկատանը մեծացող երեխայից: Խնամատարի ընտանիքում մեծացող երեխաները ավելի լիքն են, ներքին բովանդակություն և ապրելու տենչ ունեն:
ՀՕՖ երեխաների կենտրոնն առ այսօր խնամատար ընտանիքներում տեղավորել է 30 երեխայի, հետո պետությունը շարունակել է այս գործընթացը՝ նրանց թիվը հասցնելով 65-ի:
Ծրագրին աջակցել կարող են մարդիկ, որոնք երեխա չունեն կամ նրանց երեխաները մեծացել, այլ վայրում են բնակվում, իսկ իրենք դեռ դաստիարակելու ցանկություն և ուժ ունեն: Եվ այն ընտանիքները, որոնք բազմազբաղ են, չեն կարող երեխա վերցնել, բայց հավանում են ծրագիրն ու կարող են ֆինանսապես օգնել: Պետությունն ամսական 130 հազար դրամ է տրամադրում՝ մի երեխայի համար: Նրանք կարող են այդպես աջակցել երեխային՝ ընտանեկան ջերմություն ու սեր ստանալու հարցում: