ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իդեալական կլիներ անգլիական պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» թիմում։ Այս մասին անգլիացի մարզիչ Տիմոտի Շերվուդը հայտնել է Daily Star-ին։
Նրա խոսքով` Ժոզե Մոուրինյոն ճիշտ չի օգտագործում կիսապաշտպանի կարողությունները։ Մարզչին զայրացրել է, որ Միկին «կարմիր սատանաների» հիմնական կազմում երկար ժամանակ դաշտ դուրս չի եկել։
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ խաղացողը, որին կցանկանար վերցնել Պեպը (Խոսեպ Գվարդիոլա «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ — խմբ.), Մխիթարյանն է», — ասել է Շերվուդը։
Խոսեպ Գվարդիոլան, որ հայտնի իսպանացի ֆուտբոլիստ է և ներկա պահին գլխավորում է «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբը, կցանկանար իր ակումբի կազմում տեսնել 28-ամյա հային անկախ նրանից, որ ակումբը հայտնի է իր ուժեղ հարձակումով, կարծում է փորձագետը։
«Գվարդիոլային հենց այդպիսի խաղացող է պետք` վերցրեց գնդակը, շրջվեց, շրջանցեց, փոխանցեց», — նշել է Շերվուդը։
Վերջին ժամանակաշրջանում Հենրիխ Մխիթարյանը լուրջ խնդիրներ ունի ակումբում։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Հենրիխը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Նրանով հետաքրքրվել է նաև Միլանի «Ինտերը»։
Անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից 35 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց։
Հենրիխին Դորտմունդի «Բորուսիա» էին հրավիրել 2013 թվականին։ 2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «կարմիր սատանաների» մոտ` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 տարվա պայմանագիր կնքելով, և այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը 42 մլն եվրո վճարեց։