Հայաստանի տասը լավագույն մարզիկների ընտրությունը շատ կարևոր գնահատական է մարզիկների համար: Պաշտոնապես լավագույն մարզիկ է հայտարարվում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած քվեարկությունից հետո: 2017 թվականի մրցաշրջանի լավագույնների ցուցակում հայտնվելու հավակնորդների մեջ է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի անունը, սակայն, ներառված չէ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հրապարակած տասնյակում։
Անկասկած, յուրաքանչյուր մարդ, լրագրող կամ սպորտային լրագրող ունի իր կարծիքը, և ոչ ոք իրավունք չունի բռնանալու այդ կարծիքի վրա: Լավագույն մարզիկներին ընտրելիս ինչ-որ տեղ էլ ճաշակի հարց է առաջ գալիս: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև մարզիկների նվաճումները տարվա ընթացքում: Կարճ ասած, պատահական մարդիկ տասը լավագույն մարզիկների ցուցակում հայտնվելու իրավունք չունեն:
2017 թվականին հայ մարզիկները քիչ հաջողությունների չեն հասել, և յուրաքանչյուր հաղթանակ մեզանից յուրաքանչյուրը պետք է համարի սեփականը, մեր ազգինը: Թերևս այսպես մենք կարող են գնահատել հայ մարզիկների տքնաջան մարզումները, դժվարին մրցաշարերը, որոնցում նրանց հաղթանակը հնչեցնել է տալիս Հայաստան կամ Armenia բառը:
2017-ին Արթուր Ալեքսանյանի, Մաքսիմ Մանուկյանի, Հովհաննես Բաչկովի, Լևոն Արոնյանի կամ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակները մեզ ոչ միայն ուրախություն ու հրճվանք, այլ նաև հպարտություն են փոխանցել: Սա մեր հերոսների կարճ ցուցակն է, առանց որոնց Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակը պատկերացնել հնարավոր չէ: Բայց արդյո՞ք հնարավոր է այդ ցուցակը պատկերացնել առանց Հենրիխ Մխիթարյանի: Ես առանց վարանելու կասեմ ՈՉ:
Մենք պետք է եզրակացություններ անենք ոչ միայն մարզիկների արդյունքները հաշվի առնելով, այլև մարզաձևի մասսայականությունն ու ճանաչելիությունը աշխարհում: Հենրիխից բացի կա՞ արդյոք հայ մեկ այլ մարզիկ, որի պատվին 75 հազար երկրպագուները միաժամանակ երգում են` նշելով Մխիթարյանի երկիրը Հայաստան:
Ֆուտբոլում հասկանալի է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալը անիրական երազանք է համարվում: Բայց Եվրոպայի լիգայի եզրափակիչի ավարտից հետո Ստոկհոլմում հայոց եռագույնը ծածանվեց Հենրիխ Մխիթարյանի ուսերին. հենց նա դարձավ «Այաքսի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլի հեղինակը:
Մխիթարյան ազգանունը հնչում է նաև ոչ միայն ֆուտբոլում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ամեն մարդու չի տրվում: Իսկ Հենրիխին տրվեց այդ պատիվը: Շատ երկրներում Մխիթարյանին համարում են Հայաստանի դեսպանը, իսկ մեր ֆուտբոլիստը աշխարհում հայոց դեսպան է համարում Շառլ Ազնավուրին:
Միլիոնների խաղը դիտում ու այդ խաղով ապրում են իսկապես միլիոնավոր մարդիկ, եթե ոչ ավելի շատ: Ու այս համաշխարհային բրենդի մեջ ունենալ ֆուտբոլիստ, որին գնահատում են օտարները, բայց չեն գնահատում տանը, իսկապես անարդարացի կլինի: Հենրիխ Մխիթարյանը բոլոր արժանիքներն ունի Հայաստանի լավագույն տասը մարզիկների ցուցակում տեղ ունենալու համար: